Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Կարմրաշենի սարավանդի մշակութային լանդշաֆտը ձևավորող գոտիներից մեկի՝ Մաստարայի լեռնահովտին, որտեղ մեր կողմից հավաստվել է նորահայտ (գիտական շրջանառությունների դուրս մնացած) մի շարք հուշարձաններ, որոնք նախնական դիտարկմամբ կազմում են մեկ միասնական համալիր։ Կարմրաշենի սարավանդը տարածվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի հարավ-արևմտյան և Արմավիրի մարզի արևմտյան մասերում, Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան ստորոտին՝ Թալինի սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև։ Այն բավականաչափ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, քանի որ տարբեր կողմերից ներառվել և մաս է կազմել մի կողմից Շիրակ և մյուս կողմից Արագածոտն գավառներին՝ կրելով դրանց մշակութային զարգացումների ազդեցությունները՝ բրոնզ-երկաթիադարից մինչև միջնադար։ Ելնելով վերոգրյալից, այս գոտին միշտ եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ Այս սարավանդի մշակութային լանդշաֆտի ուսումնասիրության մեջ հատկապես մեծ ավանդ ունեն Երևանի Պետական Համալսարանի Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի տարբեր տարիների հնագիտական արշաախմբերը (ուսումնասիրությամբ՝ Պ․Ավետիսյան, Ե․Ասատրյան, Հ․Օհանյան և այլք)։ Հավանաբար գործ ունենք երկաթե դարին բնորոշ (մ․թ․ա․ 9-6-րդ դդ․), տեղական նշանակության մի կենտրոնի հետ, որը հարևան այլ նմանատիպ օրինակների հետ (Լանջիկ, Ծակասար, Ակունք 1 և այլն) կազմել է ավելի մեծ միավորներ, որոնք բիայնական արձանագրություններից հայտնի են Էթուինյան «երկրներ» անվամբ։</jats:p>