Abstract
<jats:p>Իրավաբանական կլինիկաները ավանդաբար իրականացնում են երկու հիմնական առաքելություն՝ կրթական և սոցիալական՝ հանդիսանալով իրավաբանական կրթության և իրավաբանական օգնության մատուցման յուրահատուկ ձև։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ իրավաբանական կլինիկաների գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գործառութային, կառուցակարգային, ընթացակարգային և նյութական անհրաժեշտ և բավարար նախադրյալների առկայությամբ։ Ընդ որում, որպեսզի քննարկվող նախադրյալներին հաղորդվի ինստիտուցիոնալ բնույթ, անհրաժեշտ է դրանց տալ իրավական պատշաճ ամրագրում։ Տեսական աղբյուրների, հայրենական օրենսդրության, ինչպես նաև միջազգային և ներպետական փորձի հիման վրա աշխատանքում ներկայացվել են իրավաբանական կլինիկաների դերն ու նշանակությունը, «իրավաբանական կլինիկա» հասկացության բովանդակությունը, վերլուծվել են դրանց կրթական և սոցիալական գործառույթները, ինչպես նաև քննարկվել են իրավաբանական կլինիկաների գործունեության արդյունավետությունը պայմանավորող նախադրյալները։ Առանձին քննարկման առարկա է դարձվել իրավաբանական կլինիկաների գործունեությունը կարգավորող օրենսդրության ոչ բավարար մակարդակը, այդ թվում՝ իրավաբանական կլինիկաներում ընդգրկված ուսանողների՝ դատական ներկայացուցչություն իրականացնելու սահմանափակումները, իրավաբանական օգնության համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման արդյունավետ գործիքակազմի բացակայությունը, հաճախորդների կողմից կլինիկայի նկատմամբ վստահություն ապահովող այնպիսի պահանջների բացակայությունը, ինչպիսիք են կլինիկայի մասնագիտական վարքագծի կանոնները, և այլն։ Հոդվածում հեղինակները ներկայացնում են գիտագործնական մի շարք եզրահանգումներ, որոնք կարող են ուղենիշային լինել իրավաբանական կլինիկաների գործունեության արդյունավետության բարձրացման և կլինիկական կրթության համակարգի հետագա զարգացման համար։</jats:p>