Abstract
<jats:p>Վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին առնչվող մի շարք հիմնահարցեր բազմիցս քննարկվել են տարբեր տեսական աղբյուրներում և մեկնաբանություններում, սակայն դրանցից շատերի կապակցությամբ տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում միասնական մոտեցումը բացակայում է։ Քննարկելով տեսակետն առ այն, որ (...) հանցագործությունից երկար ժամանակ անցնելու հետևանքով զգալիորեն դժվարանում է վարույթը, իրենց ուժը կորցնում են ապացույցները, վկաների և տուժողների հիշողությունում տեղեկատվությունը խեղաթյուրվում կամ մոռացվում է (...), հարկ է նկատել, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեսանկարահանման միջոցների, մեթոդների, ապացույցների հայտնաբերման և ամրագրման նոր համակարգերի և մեխանիզմների զարգացմանը զուգընթաց, վերոնշյալ մոտեցումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հանցանքի կատարման ապացույցները կարող են պահպանվել շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, ինչը կնպաստի վարույթի արդյունավետ իրականացմանը: Նույն հանցանքի կատարման պարագայում՝ անձանցից մեկը կարող է կրել երկարատև ազատազրկում, վերականգնել տուժածին պատճառված վնասը, անցնել բազամաթիվ վերականգնողական ծրագրեր, իսկ մյուսն ուղղակի որոշակի ժամկետի ընթացքում «ոչինչ չանել» և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Արձանագրվել է, որ այս ինստիտուտի որոշ դրսևորումներ ոչ այլ ինչ են, քան «դատախազական արդարադատության» մասնավոր դրսևորումներ, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց՝ ցանկացած քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում պետք է կայացվի (հաստատվի) դատարանի կողմից։ Հեղինակը եզրակացրել է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտն արդիական չէ և քրեական օրենսդրության զարգացմանը և լրամշակմանը զուգընթաց՝ այս հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը պետք է բացառել։ Նշվել է նաև, որ հատկապես խնդրահարույց է 83-րդ հոդվածի 7-րդ մասի այն դրույթը, համաձայն որի (...) Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: (...): Քննարկվող իրավակարգավորումն անհիմն է և, հեղինակի կարծիքով, այն պետք է հանվի նշված հոդվածի շարադրանքից, քանի որ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պահից վաղեմության ժամկետն այլևս չի հաշվարկվում, հետևաբար՝ դրա վերսկսման վերաբերյալ դրույթն անառարկայական է։</jats:p>