Abstract
<jats:p>Այսպես կոչված «թափառիկ դիպաշարերի» բազմազանության մեջ հայ գրողները, եթե բացառություն անենք «Սասնա ծռեր» էպոսի համար, հատկապես հետևողականորեն զբաղվել են «Քաջ Նազար» հեքիաթի գրական մշակումներով։ Համաշխարհային գրականության մեջ լայն տարածում ունեցող հավերժական ու հանրահայտ մի հերոսի տեսակի՝ գերմանացի Գրիմ եղբայրների Քաջ Դերձակի, հունական Պարոն Ղազարոսի, ռուսական Ֆոմա Բերեննիկովի և գրական այլևայլ մշակումների համատեքստում արդեն շատ վաղուց իրենց արժանավոր տեղն ունեն նաև հայկական Քաջ Նազարի տարբերակները։ Այս թեմայի գեղարվեստական մշակումները ժանրային առումով բազմազան են՝ արձակ կամ չափածո հեքիաթ, կատակերգություն, վեպ և այլն։ Այն մշակել են Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, Սիպիլն ու Համաստեղը, Դերենիկ Դեմիրճյանը և Ստեփան Զորյանը, հետագայում՝ Մարտիրոս Վեսպերը, Մկրտիչ Սարգսյանը, Հովհաննես Գրիգորյանը, Նորայր Ադալյանը և շատ ուրիշները։ Այդ մշակումներից մի քանիսի մասին գրվել են արժեքավոր բազմաթիվ ուսումնասիրություններ՝ դրանք քննելով տարբեր դիտանկյուններից։ Հոդվածը նվիրված է Ավետիք Իսահակյանի «Աղա Նազար» հեքիաթին և նրա արևմտահայ արձագանքին՝ երևելի գրագիտուհի Սիպիլի՝ ընթերցողին դեռևս քիչ հայտնի «Հանըմ Նազար» չափածո հեքիաթին, որի մասին մինչ օրս արվել են սոսկ առանձին ակնարկներ, այն էլ՝ հիմնականում առանց սկզբնաղբյուրի հղման։ «Հանըմ Նազար»-ը, ի դեպ, ուշարժան է մի քանի առումներով։ Ամենից առաջ՝ նրանով, որ գրվել է Ավետիք Իսահակյանի «Աղա Նազար»-ի անմիջական տպավորության տակ և նվիրված է հենց Իսահակյանին։ Բացի այդ՝ ինչ-որ չափով դարձել է այդ հեքիաթի գրական ծաղրանմանությունը (պարոդիան)՝ իբրև դրա բովանդակության և ոճի միտումնավոր ընդօրինակման հետևանք։ Նկատենք, որ հեգնանքի ու գրական նախատիպի հակադրության այդ տեսակն արդեն վաղուց կիրառվել էր հայ գրականության մեջ․ հիշատակելի են, օրինակ, Միքայել Նալբանդյանի «Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը» բանաստեղծության ծնունդը Ռափայել Պատկանյանի պոեմի («Հիմի է՞լ լռենք») համանուն հատվածի առիթով կամ նույն հեղինակի «Աղցմիք» երգիծական բանաստեղծությունների շարքը՝ ուղղված Նար-Պեյի (Խորեն Գալֆայան) «Վարդենիք» ժողովածուի դեմ։ Հիշենք նաև Շիրվանզադեի՝ ներքին բանավեճ պարունակող «Գործակատարի հիշատակարանից» վիպակ-պարոդիան, որի ստեղծման ազդակը դարձավ Րաֆֆու «Ոսկի աքաղաղ»-ը։ Գրական այդ տեսակը, ներառելով ոճական և դիպաշարային մի շարք նմանություններ, կենսունակ եղավ նաև հետագայում՝ հասնելով մինչև հանճարեղ Եղիշե Չարենց․ նկատի ունեմ նրա կյանքի հատկապես վերջին տասնամյակում այլ երկերի նմանությամբ գրված որոշ գործեր, ասենք՝ Սամուիլ Մարշակից կատարած պոեմ-փոխադրությունը՝ «Գիքորի երազը»։ Մեր ուսումնասիրության առաջնահերթ խնդիրներն են եղել զուգադրական մեթոդով քննել «Աղա Նազար»-ի և «Հանըմ Նազար»-ի դիպաշարային, կոմպոզիցիոն նմանություններն ու տարբերությունները, Սիպիլի կողմից կին/տղամարդ հերոսների միտումնավոր փոխատեղումը, որը միանգամայն նոր երանգ է հաղորդում երկին՝ այն դարձնելով ավելի ինտրիգային ու հետաքրքրաշարժ։ Այստեղ մեր կարևոր եզրահանգումն այն է, որ երկու հեղինակներն էլ, ճիշտ է, տարբեր ուղիներով, բայց յուրովի կարողացել են վեր հանել արատավոր երևույթի համամարդկային ու հավերժական բնույթը։ Բացի այդ՝ «Հանըմ Նազար»-ում առաջին անգամ գահ բարձրացնելով իգական սեռի ներկայացուցչին՝ հեղինակը որոշակիորեն արձագանքում է նաև, այսպես կոչված, կանանց «ազատագրության» խնդրին՝ հեգնանքով ու զավեշտի պաթոսով ներկայացնելով ծույլ և անարժան, բայց բախտի բերմամբ փառքի հասած կնոջ ճակատագիրը:</jats:p>