Abstract
<jats:p>Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, մանկավարժ, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Սողոմոն Սողոմոնյանը՝ Կոմիտասը, ազգային խորհրդանիշներից է, որի ճակատագիրը գրեթե նույնական է ընկալվում հայոց ճակատագրին: Բազմաթիվ են նրան նվիրված ուսումնասիրությունները, սակայն առեղծվածային իր կերպարով Կոմիտասը շարունակում է մնալ հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում: Սույն հոդվածում ամփոփ վերլուծությամբ ներկայացվում են Կոմիտասի նամակների աշխարհայացքային ու հոգեբանական որոշակի տիրույթներ, դրանցում խտացված խորքային փիլիսոփայությունը, որտեղ վարդապետը բացահայտվում է իբրև իր միջավայրի ու երկրի զավակ, իբրև համաշխարհային ճանաչման հասած բացառիկ երաժիշտ և անհատականություն՝ իր մարդկային բարձրակիրթ նկարագրով, ներաշխարհի մակընթացություններով, դրամատիկ ապրումներով: Հոդվածի նպատակն է՝ ա. Կոմիտասի բազմաշերտ նամակների ուսումնասիրությունը դիտարկել որպես անհատականության աշխարհայացքի ու ներաշխարհի բացահայտման բացառիկ գործիք, բ. մեր օրերի գեղարվեստական գիտակցության տեսանկյունից իմաստավորել նամակների հանգուցային հաղորդագրությունները, գ. բացահայտել միջմշակութային հաղորդակցության գործընթացը Կոմիտասի նամակների օրինակով՝ վեր հանելով դրանցում առկա ազգային ու համամարդկային գաղափարները: Հետազոտության խնդիրներն են՝ ա. ուսումնասիրել և մեկնաբանել Կոմիտասի նամակներում համամարդկային և ազգային գաղափարների համընկնումների ծածկագրված նշանային տարածությունները, բ. քննել հայ մշակույթի, երաժշտարվեստի ինքնության ֆենոմենը համաշխարհային մշակութաբանության դաշտում։ Նյութի քննությունն իրականացվել է պատմահամեմատական, նկարագրական և վերլուծական մեթոդներով: Նամակների էջերում Կոմիտասի առեղծվածը մինչև վերջ չի բացահայտվում, սակայն բանաձևվում է մի ճշմարտություն. Կոմիտասը մաքրեց, նոտագրեց, ստեղծեց մեր երգի վսեմ հայրենիքը, որն իր անթերի ու պայծառ գոյությամբ անպայմանորեն մաս է կազմում հայոց պատմության մշտագո փիլիսոփայության։</jats:p>