Abstract
<jats:p>Մարդկության հոգևոր մշակույթի զարգացման գործընթացում փիլիսոփայության նշանակալի դերը դրսևորվում է ոչ միայն գիտելիքների ավելի քան ստվար ծավալով, այլև ընդհանրապես գիտելիքի ձևավորման, հիմնավորման և արժևորման իր մեթոդաբանությամբ: Որքան էլ մեր միտքը սկզբունքորեն հակված է օբյեկտիվության և ճշգրտության, կենդանի կյանքը, առավել ևս մարդկային իրողությունները, եղել ու մնում են տարամետ մեկնաբանությունների, հաճախ համարժեք, բայց և միմյանց հակասող պատկերացումների ծիրում: Եվ դրա ,,մեղավորը,, ոչ թե մեր մտքի թերացումն է կամ անհետևողականությունը, այլ ցանկացած երևույթի հնարավոր նկարագրությունների անսպառելությունը` աշխարհի համընդհանուր իրողությունների հետ համադրություններում: Այսօրինակ հանգամանքը դժվար, եթե չասենք` անհնարին է դարձնում հատկապես մարդկային կյանքի երևույթների, դեպքերի ու իրադարձությունների ունիվերսալ սահմանումն ու գնահատականը: Ճշմարտության և մոլորության, բարու և չարի, օգտակարի և վնասակարի, արդարի և անարդարի, ընդունելիի և մերժելիի, լավի և վատի… զատման, տարանջատման միանշանակ չափանիշի հարցը այսօր էլ փիլիսոփայական բուռն բանավեճերի օրակարգում է և խնդիր` հասարակական կյանքի, սոցիալական գործընթացների կազմակերպման պրակտիկայում: Նման խնդիրների համակարգման և մեկնության առաքելությամբ դեռևս անտիկ մշակույթում կյանքի կոչվեց հռետորիկան իբրև բանավեճի, փաստարկման եղանակով ընդհանուր եզրահանգման, համոզման հասնելու պրակտիկ մեթոդաբանություն, աշխարհայացքային հարցերին փիլիսոփայական հիմնավորմամբ լուծումներ առաջադրելու հնարավորություն: Այդ առաջադրումներում, մշտապես իրենց արդիականությամբ առանձնանում են ստատուսների և լոկուսների մասին տեսությունները, որոնք այսօր էլ երբեմն մշակված, բայց ավելի հաճախ՝ տարերայնորեն մեծապես գործառվում են մասնավորապես դատական և քաղաքական գործընթացներում, կենդանի ելույթներում, քնննարկումներում ու դեբատներում: Առավել ևս` երդվյալ ատենակալներով դատարանների ներդրման մեր հեռանկարում և քաղաքական դաշտի դեմոկրատացման մեր իրականությունում ավելի քան կարևոր է թվում ընդհանրապոս հռետորիկայի և հոդվածում առանձնապես ներկայացված տեսությունների լուսաբանումն ու իմացությունը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնողների համար</jats:p>