Abstract
<jats:p>Հոդվածի նյութն է անհատի լեզվի քննությունը մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի լեզվաբանական աշխատություններում: Ըստ ամենայնի նկարագրված է անհատի դերը լեզվի ծագման, փոփոխության, զարգացման գործընթացում՝ հիմնաշեշտը դնելով աբեղյանական այն դրույթի վրա, որ լեզուն չի կարող բացառություն լինել բնության և հասարակության օրենքներից, այն չի կարող չփոփոխվել, և փոփոխություններ իրականացնողն անհատն է: Լեզվաբանը «անհատական լեզուներ» ասելով հասկանում է աբստրակտ, վերացարկված լեզվի (հանրության լեզվի) կոնկրետ, իրական, շոշափելի արտահայտությունը, իսկ հանրության լեզուն համարում է կոնկրետ լեզուների ընդհանուրը: Միաժամանակ նա անհրաժեշտ ուշադրություն է դարձնում գրական լեզվի՝ անհատների լեզուները միացնելու-միասնականացնելու գործառույթին: Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, որ լեզվականոնարկման զուգահեռականներում անհատի լեզվի քննական վերլուծություններում Աբեղյանի որդեգրած լեզվաբանական ուղղության գլխավոր արժանիքը հենց լեզվագործունեության (խոսողության) պատմական ըմբռնումն է, և «աբեղյանական հակասություն»-ը հիմնավորված չէ: Նյութի արդիականությունը պայմանավորված է ժամանակակից համընդհանուր լեզվաբանության մի քանի հիմնախնդիրների լուծման առաջնահերթությամբ: Մ. Աբեղյանի անհատական լեզուների տեսությունն անմիջականորեն առնչվում է լեզվի ծագման, նախալեզվի գոյության և նրա վերականգնման, ցեղակից լեզուների առաջացման, ամեն հնչյունի գոյաբանական-ծագումնաբանական արժեքի վերհանման (բառային իմաստակրության առումով), այս կամ այն հնչյունների կապակցության հետ այս կամ այն առարկայի կամ գործողության մտապատկերի զուգորդվածության հարցերին: Աբեղյանական տեսության վերջնարդյունքում անհատական լեզուները «առանձին-առանձին բարբառներ են տարրական ձևով» և անգամ նախալեզվի ծագումնաբանական հիմքում կարող են դրվել: </jats:p>