Abstract
<jats:p>Հոդվածում քննվում է Դանիել Վարուժանի երկերի ակադեմիական հրատարակության մեջ տեղ գտած «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակային պատկանելության խնդիրը։ Այն առաջին անգամ որպես Դ․ Վարուժանի ստեղծագործություն է ներկայացվել 1946 թ․ Փարիզում լույս տեսած «Արարատ նոր երգարան» ժողովածուում։ 1984 թվականից սկսած՝ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը որպես Դ․ Վարուժանի գրվածք զետեղվել է մի քանի հեղինակավոր հրատարակություններում։ Քանի որ այդ քերթվածը գրված է արևմտահայ հեթանոսական գրական շարժմանը բնորոշ ոճով, երբևէ կասկած չի հարուցել նրա պատկանելությունը Դ․ Վարուժանի գրչին։ Սակայն գրական փաստերը, մատենագիտական ու բնագրագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակը Դ․ Վարուժանը չէ։ Աղբյուրները աներկբայորեն վկայում են, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության իրական հեղինակը արևմտահայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Արտաշես Հարությունյանն է։ Մեծ եղեռնի նահատակ, Կ․ Պոլսում Դ․ Վարուժանի հետ միաժամանակ ստեղծագործած, նրա հետ գրական ու անձնական սերտ հարաբերություններ ունեցած, մեծ հեղինակության տեր այդ գրողը մի քանի անգամ տպագրել է «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը։ Հետագայում այն տեղ է գտել նաև Ա․ Հարությունյանի հետմահու առնվազն մեկ հրատարակության մեջ։ Հոդվածում քննվում են բանասիրական և բնագրագիտական մի շարք հարցեր։ Պարզաբանվում է խնդրո առարկա բանաստեղծության հեղինակային պատկանելությունը։ Վերլուծվում են բնագրի պատմությունը, երկու հեղինակների տարբեր հրատարակությունների տվյալները, «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության տեղը Արտաշես Հարությունյանի գրական ժառանգության և հայ գրականության մեջ։ </jats:p>