Abstract
<jats:p>Իրանահայության շրջանում XVI-XVII դարերից սկիզբ առած ազգային կրթական գործը և տպագրությունը նշանավորվեցին նաև հայ դպրության վերածնունդով, ինչը միտված էր իրանահայերի ազգային, կրոնական և մշակութային ինքնության պահպանմանը պարսկախոս միջավայրում։ Իրանական տիրապետության սահմաններում բնակվող հայերը, առօրյա շփման անհրաժեշտությունից ելնելով, հարկադրված էին տիրապետել խոսակցական պարսկերենին։ Ավելի ուշ արդիական է դառնում նաև գրավոր պարսկերենի իմացությունը, որի մասին վկայող եզակի փաստաթուղթ է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ձեռագրատանը պահվող Հմր306 «Պարս[կ]երէն եւ հայերէն քերականութիւն» ձեռագիրը։ Այն գրվել է 1846 թ. Բատավիայում՝ «ի հայրապետութեան տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Յովհաննու Սուրէնեանի», իսկ գրիչը «Գէորգ Աւետեան Զաքարեանց Ջուղայեցին» է։ Առաջաբանում վերջինիս թողած տեղեկությունները վկայում են, որ XIX դարում իրանահպատակ հայերի շրջանում առաջ էին եկել պարսկերենի գործածության բոլորովին նոր պահանջներ՝ «յերկրորդ հայրենիս մերի Նոր Ջուղա, ի ձեռն խոհական եւ քաջ հովուաց հաստատեալ են երեք դպրոցք, յորս մանկունք սիրելի ազգի մերոյ բացի հայերէնն, ուսանեն նաեւ զպարսէրեն լեզու»։ Այդ ձեռագիրը բաղկացած է պարսկերենի քերականությունից, բանաստեղծական տաղաչափությունից, պարսկերեն-հայերեն բառարանից, Սաադիի «Գոլեստան»-ի 8-րդ գլխի թարգմանությունից և բովանդակությունից: Կարելի է համարել, որ ձեռագիրը պարսկերենի ամբողջական ձեռնարկ է: Հոդվածում ձեռագիր դասագրքի և մեզ հասած դպրոցական առարկայացանկերի հիման վրա հնարավոր է դառնում տարորոշել հայերի շրջանում արաբատառ գրի ու գրավոր պարսկերենի՝ կրթական գործի մաս դառնալու ժամանակաշրջանը։ Ձեռագրում տեղ գտած նյութի քննելու միջոցով նաև ցույց է տրվում իրանահպատակ հայերի շրջանում գրավոր պարսկերենի ուսուցման մեթոդաբանությունը՝ այն համեմատելով նույն ժամանակաշրջանում տեղացիների համար ստեղծված պարսից լեզվի այլ դասագրքերի հետ։ Կարևոր է նաև հասկանալ, թե դասագրքում ընդգրկված «Գոլեստան»-ն ինչքանով է ծառայել ուսումնական գործին հայկական միջավայրում։ </jats:p>